2010 թվականից բանակում կորուստների խնդիրն անչափ ակտիվորեն բարձրացրել եւ տարածել են որոշակի խմբերը, որոնք արտասահմանից են ֆինանսավորվում: Չնայած դա մշտապես մատուցվում է բանակում իրավիճակի բարելավման ձգտման ֆոնին, սակայն ակնհայտ է, որ նման գործունեությունը վախ է սերմանում զորակոչիկների եւ նրանց ծնողների շրջանում: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ անչափ վտանգավոր է բանակի վերաբերյալ պոպուլիստական հայտարարություններ կատարելը, քանի որ դա կարող է հասարակության շրջանում որոշակի տրամադրություն ձեւավորել: «Ներկայիս իշխանությունները նույնպես այս թեման ակտիվորեն մանիպուլացնում են, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Դրա դրսեւորումն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ 2019 թվականին բանակում աննախադեպ քիչ թվով կորուստներ են գրանցվել: Առաջին՝ մեր տեղեկություններով, 2013 թվականին ոչ մարտական կորուստներն ավելի քիչ են եղել, երկրորդ՝ այս հարցի շուրջ սենսացիայի մշտական փնտրտուքը խնդիրն է՛լ ավելի է խորացնում»,- նշեց փորձագետը: