Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Հայաստանում է գտնվում «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է. «Վստահ եմ, որ միջտարածաշրջանային համաժողովը նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ, ընդհանուր են, ռազմավարական գործընկերային հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են տալիս այս բոլոր միջոցառումներին»:
Վիկտոր Բասարգինն իր հերթին նշել է. «Պատրաստվելով այս համաժողովին` հատուկ ուսումնասիրել եմ ՀՀ եւ ՌԴ տարածաշրջանների միջեւ համագործակցության ամբողջ բազան: Այսօր ՌԴ ավելի քան 70 տարածաշրջաններ ներգրավված են համագործակցության ծրագրում ուղղակիորեն եւ անուղղակիորեն: 30 սուբյեկտներ այսօր համաձայնագրեր ունեն Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ մարզերի հետ, մնացածները, կարծում եմ, ակտիվորեն կձգտեն, որ համաձայնագրեր ունենան եւ մշակեն համագործակցության միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»:
Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ տարածքային զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է, եւ այն ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական նշանակություն մեր պետության զարգացման համար:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության առաջնայնությունները:
Զրուցակիցներն կարեւորել են տարածքային զարգացման առումով երկու երկրներում առկա փորձի ուսումնասիրությունն ու փոխանակությունը:




























