Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է շաքարի գործարանների բոլոր տնօրենների ձերբակալության մասին, հաղորդում է «Բելթա»-ն:

Նրա խոսքով՝ ձերբակալվածները Մոսկվայում առեւտրի տուն են հիմնել, որտեղ ուղարկել են իրենց համախոհներին, ապա «գործարքային գներով» վաճառել բելառուսական շաքար:

Վերջիններս, Լուկաշենկոյի խոսքով, ավելացված գնով վաճառել են ապրանքը շուկայում:

«Այդ հարցով վաղուց են զբաղվում հատուկ ծառայությունները: Ինձ զեկուցել են, որ էժան գներով առեւտրի տանը վաճառել են այդ շաքարը, ապա մի մասն ավելացված գնով վերադարձել Բելառուս: Հնարավոր է, որ շաքարը նույնիսկ չեն տեղափոխել Մոսկվա եւ չեն վերադարձրել: Իսկ փաստաթղթերը ուղարկվել են այնտեղ, վերաձեւակերպվել են եւ մեր շուկա մատակարարել այդ շաքարը մարժայով: Իսկ հետո այդ մարժան կիսել են: Դա նորմա՞լ է»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նախագահը նշել է, որ շուտով Անվտանգության պետական կոմիտեն կպատմի գործի մասին: Նրա խոսքով՝ Բելառուսում նախկինում նման բան չի եղել: