Ընդունո՞ւմ եք Վահան Հովհաննիսյանի մեղադրանքը, որ եթե վերջին 10-20 տարիներին Հայաստանը բնակեցրած լիներ ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը, ապա մադրիդյան սկզբունքները չէին լինի եւ փորձ չէր արվի միմյանց կապել հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ խնդիրը: NEWS.am-ի թղթակից այս հարցին ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանն ասաց. «Եւ ընդունում եմ, եւ չեմ ընդունում, որովհետեւ ինձ հայտնի են այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվել են ժամանակին եւ վերջին 11 տարվա ընթացքում եւ հայտնի են այդ դժվարությունները: Այո, մասամբ ընդունում եմ, մասամբ էլ չեմ ընդունում, որովհետեւ այն ջանքերը, որոնք գործադրվեցին, ժամանակը ցույց տվեց, որ բացարձակ անբավարար էին: Չնայած դրանք քիչ ջանքեր չէին եւ Հայաստանի ժողովրդի ռեսուրսի հաշվին գործադրվող ջանքեր էին»:

Հարցին, թե արդյոք այդ մեղադրանքն ուղղված չէ նույն ՀՅԴ-ին, ով վերջին 10-11 տարիներին եղել է իշխանության կազմում, Ա. Սաֆարյանը պատասխանեց. «Այդ մեկնաբանությունները հիմա չեմ ուզում տալ, բայց կգա պահը, երբ մենք կմտածենք, թե 17 տարվա ընթացքում Սփյուռքի հետ միասին մեր գործադրած ջանքը արեւելյան ուղղությամբ բավարար եղե՞լ է, թե՞` ոչ: Մեր առջեւ այս հարցը կանգնելու է»: