2020 թվականին ԱԻՆ ֆինանսական հնարավորությունները 2019 թվականի համեմատությամբ մեծացել են 2,7 մլրդ դրամով՝ անցնելով 15 մլրդ դրամից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ մեծ մասն ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը եւ հավելավճարներին: ԱԻՆ ղեկավարը հայտնեց, որ 2019 թվականին հայ-ռուսական արձագանքման կենտրոնի կապիտալ շինարարության ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, հրշեջ 34 տեղամասերում վերանորոգում, գազաֆիկացվել է քաղաքացիական պաշտպանության 10 կետ:
Հայաստանն անցյալ տարի Ճապոնիայի կառավարությունից նվեր է ստացել 10 ամենագնացներ, 3 ավտոսանդուղքներ, 1 վերանորոգման ավտոմեքենա, 10 հրշեջ մեքենա, իսկ վերջերս եւս 22 հրշեջ մեքենա: «Վերանորոգման ավտոմեքենան կմնա Երեւանում, մնացյալը կփոխանցվեն 3 մարզերի՝ Լոռի, Շիրակ եւ Սյունիք»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը: ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ կատարվել է մի քանի հրշեջ տեղամասերի վերանորոգում: Այս տարի նախատեսված է եւս 2 հրշեջ եւ մեկ ջրափրկարարական տեղամասի նորոգում: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը եզրակացություն է տվել 108 օբյեկտի վերաբերյալ, անցկացվել է 40 դպրոցների եւ 24 մանկապարտեզների, 80 բնակելի շենքերի ռիսկերի գնահատում: Այս տարի Ջերմուկում կանցկացվի բնակֆոնդի ռիսկերի գնահատում: Հրշեջները եւ փրկարարները վառելիքայուղային նյութերի պակաս չունեն:
«Աշխատավարձերը բարձրանում են: Համաձայնվեք, որ դժվար է որակով աշխատանք պահանջել նրանից, ով վատ է ապրում: Կենսամակարդակը բարձրացնելով՝ միաժամանակ մեծանում են պահանջները»,- հայտարարեց ԱԻ նախարարը:
Խոսելով օպտիմալացման ցավոտ թեմայի մասին՝ Ցոլակյանը հավաստեց, որ գերատեսչության ղեկավարությունը ջանացել է կրճատումները նվազագույնի հասցնել, Փրկարարական ծառայությունում կրճատումներ ընդհանրապես չեն լինի:
«Անհրաժեշտ է բալաստից ազատվել՝ միաժամանակ պարգեւատրելով եւ խրախուսելով լավ աշխատակիցներին»,- հավաստիացրեց նախարարը: Նրա խոսքով՝ օպտիմալացումն անցկացվում է ղեկավար կազմի կրճատման տրամաբանությամբ՝ ստորին օղակի աշխատակիցների թվի մեծացման հաշվին: Նախարարը համաձայնվեց լրագրողներից մեկի այն դիտողությանը, որ սա անխուսափելիորեն կհանգեցնի աշխատավարձի նվազման: Պարզվեց, որ այս դեպքում նախատեսված է աշխատակցի գրավոր համաձայնությունը այլ աշխատանքի փոխանցելու մասին: «Որ չստացվի, թե որեւէ մեկին փոխանցում են նրա կարծիքը չհարցնելով»,- նշեց Ցոլակյանը:
Սակայն ստացվում է, որ մարդուն դնում են տխուր ընտրության առաջ՝ ազատվել աշխատանքից կամ համաձայվել աշխատավարձի կրճատմանը: Նախարարը նախընտրեց այս նրբությունների մեջ չխորանալ:




























