Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դիմել է դատարան պահանջելով փոխել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններից:
Հայտնի գործարարը դժգոհ է այն հանգամանքից, որ Հատուկ քննչական ծառայությունն իր դեմ հարուցված գործը կարճել է ոչ թե հանցակազմի բացակայության, այլ ապացույցների անբավարարության հիմքով:
Հիշյալ գործով դատաքննությունը դեռեւս չի սկսվել:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որի հետեւանքով, մարտիմեկյան դեպքերից հետո նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, որից հետո ներկայացել էր իրավապահներին: Դատարանը Խ. Սուքիասյանի նկատմամբ չէր կիրառել կալանքը որպես խափանման միջոց:
Դրանից մի քանի օր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնել Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: Այս ընթացքում Խ. Սուքիասյանից տարբեր ճնշումների միջոցով վերցրեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանը:
Շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Խ. Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ «ապացույցների անբավարարության» հիմքով, այնինչ նրա փաստաբանների խոսքով, գործը պետք է կարճվեր ոչ թե ապացույցների անբավարարության, այլ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբանները ՀՔԾ-ի որոշումը բողոքարկել էին ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատախազությունից մերժում ստանալով եւ այդ մերժումը որակելով «անօրինական»` փաստաբաններն այժմ փորձում են խնդիրը լուծել դատարանի միջոցով:





























