Երեւանում ապրիլի 18-19-ը կկայանա «Դեպի միջմարզային համագործակցության նոր ձեռքբերումներ` հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական համաժողովը:
Համաժողովի շրջանակներում ապրիլի 19-ին ժամը 14:15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա կլոր սեղան` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջմարզային հարաբերությունների ամրապնդման թեմայով (թանգարանային գործ, արդի գրականություն, հայ-ռուսական մշակութային կապեր, թատերական արվեստի հեռանկարային զարգացումներ, հայ-ռուսական կրթական համատեղ ծրագրեր` թեմաներով):
Կլոր սեղանին կմասնակցեն մշակույթի, կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության ոլորտի պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ապրիլի 18-ին, ժամը 18:30-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազային պետական կամերային նվագախմբի եւ Հայաստանի ջազային նվագախմբի համատեղ համերգը:
Համաժողովին մասնակցելու են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալներ Արթուր Պողոսյանն ու Արեւ Սամուելյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարար Արա Ավետիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք եւ ոլորտների մասնագետներ:





























