«Մենք այստեղ կներկայացնենք մեր առաջարկությունները, բայց դրանով կյանքը չի ավարտվելու: Պետք է բոլոր եղանակներով փորձ անենք, որ այս արձանագրությունները ուժի մեջ չմտնեն: Դա մեր կուսակցության այսօրվա խնդիրն է, իսկ թե որքանով հաջողության կհասնենք, կախված է ժողովրդի արձագանքից»,- այսօր խորհրդարանում հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող քննարկման շրջանակներում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Հարցին, թե կիսում եք ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մեղադրանքը, որ եթե մենք վերջին 10-20 տարում բնակեցրած լինեինք ազատագրված տարածքները, այսօր նման պարտվողական վիճակում չէինք լինի եւ ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքներն էլ չէին լինի, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես այդ մեղադրանքն ուղղված է այս տարիների բոլոր իշխանություններին, այդ թվում նաեւ ՀՅԴ-ին: Մենք իհարկե, կարող էինք բնակեցնել այդ հողերը: Ցավոք, մենք չվերաբերվեցինք այդ տարածքներին, որպես մեր տարածքներ»: