Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել Մշակույթի նախարարությունում, մասնավորապես, մշակութային միջոցառումների իրականացման ոլորտում եւ հայտնաբերել բազում խախտումներ:
Ինչպես նշվում է 2009թ. հաշվետվության մեջ, խախտումները կրել են ֆինանսական բնույթ: Այսինքն միջոցառումների կազմակերպման, գքրերի հրատարակման համար նախարարությանը հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային: Ըստ այդմ, ֆինանսական խախտումները կազմել են 9 մլն դրամ: Ստուգումների արդյունքում 5,5 միլիոն դրամը վերականգնվել է պետբյուջե, մնացած գումարը ենթակա է վերադարձման:
Ըստ տեղեկանքի, 2009-ի հոկտեմբերի 10-15-ը Երեւանում կայանալիք երիտասարդական թատերական փառատոնի կազմակերպման նպատակով 2 մլն 500 հազար դրամ է հատկացվել «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ին, որն էլ բնակարանների վարձակալական պայմանագրեր է կնքել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցների հետ (վարորդ, հաշվապահ, ադմինիստրատոր) 11 անձին 10 օրով գիշերելու եւ դրա համար վերը նշված աշխակիցներին չգիշերած օրերի համար ավելի է վճարել է 890 հազ. դրամ:
Ուսումնասիրությամբ նաեւ պարզվել է, որ «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանրահռչակում» միջոցառման հետ որեւէ առնչություն չունեցող անձ է գիշերել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում եւ նրա գիշերավարձի ու սննդի համար ծախսվել է 141 հազար դրամ: Այդ գումարը Վերահսկիչ պալատի ուսումնասիրության ժամանակ վերականգնվել է պետական բյուջե: Այս միջոցառման իրականացման համար Մշակույթի նախարարությունը 40 մլն. դրամ է հատկացրել «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամին: Նախորդ ստուգման արդյունքներով, 4 մլն 994.3 հազար դրամը պետք է վերականգնվեր պետբյուջե: Պետբյուջե է, սակայն, փոխանցվել 3 մլն. 861 հազ. դրամ, մնացածը ենթակա է վերադարձման:
2009 թվականի հոկտեմբերի 26-30-ը «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում փառատոնի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգի եւ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարի կազմակերպման նպատակով 20 մլն դրամ հատկացվել է «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» ՀԿ-ին: Սահմանված ժամկետում` 2009թ. հոկտեմբերի 26-30-ը կազմակերպվել է 3 համերգ` 4-ի փոխարեն, որի համար տրամադրված 20 մլն դրամից ներկայացվել է 12 մլն 831 հազ. դրամի ծախսի հաշվետվություն: 864 հազ. դրամի ծախսը փաստաթղթերով չի հիմնավորվել եւ ենթակա է վերականգնման: Խախտումներ են հայտնաբերվել նաեւ 2009-ին կայացած «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպման նպատակով իրականացված ծախսերի մեջ: Թատերական փառատոնի համար 34 մլն 569.5 հազ. դրամ է հատկացվել «Հայ դերասաների միություն» ՀԿ-ին: Հաշվարկելով հյուրերի` Երեւանում մնալու օրերի թիվը պարզվել է, որ փաստացի թվի նկատմամբ սննդի ծախսը 822 հազ. դրամի չափով ավելի է կատարվել:




























