Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը սպասարկման ոլորտի բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցմանը նպատակաուղղված փոփոխությունների մասին հարկ վճարողներին իրազեկելու նպատակով հանդիպում  է ունեցել Խորհրդայինի, Կենտրոնի եւ Մյասնիկյանի  հարկային տեսչությունների հարկ վճարողների  հետ: Տեղում քննարկվել են նրանց հուզող հարցերը, տրվել պարզաբանումներ: NEWS.am-ին  այս մասին հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Տարածքային տեսչությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատել հանդիպումները:

Խորհրդայինի հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանն ընդգծել է, որ հարկ վճարողներին հանգամանալից պարզաբանումներ են տրվել այն փոփոխությունների մասին, որոնց արդյունքում զգալի կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը. Փաստաթղթաշրջանառության կրճատումից բացի, քայլեր են արվում  նաեւ տեսչություններում սպասարկման որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

ՊԵԿ կոմիտեի նախագահի տեղակալները պարզաբանել են, որ ձեռնարկատերերի գրանցման գործընթացի պարզեցման արդյունքում ներդրվել է «մեկ պատուհանի» սկզբունքը: Այն այժմ թույլ է տալիս ավելի արագ եւ առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել գրանցումը: