Գերմանիայում Ֆրանկֆուրտի մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 27 կիլոգրամ կոկաին Հարավային Ամերիկայից երկու ուղեւորների ուղեբեռում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով օդանավակայանի մաքսային ծառայությանը:

«Հարավային Ամերիկայից ժամանած ուղեւորների ուղեբեռում հայտնաբերվել է 12 եւ 15 կիլոգրամ կոկաին, ինչը թմրանյութերի բավականին նշանակալի քանակություն է, որը հայտնաբերվել է անձնական ուղեբեռում. այդ ծավալով թմրանյութեր սովորաբար հանդիպում են տրանսպորտային բեռնափոխադրումներում: Կոկաինը փաթեթավորված էր մանկական սննդի տարաներում»,-ասվում է Ֆրանկֆուրտի մաքսային ծառայության մամուլի քարտուղար Քրիսթին Շթրասի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վարչության կայքում:

Թմրանյութերը հայտնաբերել են ծառայողական շները ուղեբեռի սովորական ստուգման ընթացքում:

Կասկածյալները ձերբակալվել են, ընթանում է հետաքննություն: Այդպիսի քանակությա,ն թմրամիջոցները սեւ շուկայում կարող են արժենալ մինչեւ 1 միլիոն եվրո: