Հայաստանն ու Հորդանանը այսօր քննարկել են 2 երկրների բիզնեսի ներկայացուցիչների միջեւ սերտ կապեր հաստատելու հեռանկարները: Այս մասին փետրվարի 10-ին հայ-հորդանանյան բիզնես համաժողովի ժամանակ ասաց Հորդանանի արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարման նախարար Թարիֆ ալ Համուրին՝ հավելելով, որ այս հարցով հստակ ցուցում է տվել Հորդանանի թագավորը:

Նա համոզված է, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդիպումները պետք է դրական ազդեն առեւտրատնտեսական հարաբերությունների վրա՝ դրանք բարձրացնելով նույնպիսի մակարդակի, որում գտնվում են Հայաստանի եւ Հորդանանի քաղաքական հարաբերությունները:

Նրա խոսքով՝ Երեւանն ու Ամմանը կարող են համագործակցություն հաստատել շատ ոլորտներում: «Ես համագործակցության մեծ հեռանկարներ եմ տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը վերջին տարիներին այս ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցել: Մենք համագործակցության լուրջ հեռանկարներ ենք տեսնում նաեւ տուրիզմի ոլորտում»,- ամփոփց հորդանանցի նախարարը:

Նշենք, որ փետրվարի 10-ին Երեւանում ընթացել է հայ-հորդանանյան բիզնես համաժողովը, որի շրջանակում ստորագրվել է երկրների միջեւ համագործակցության հուշագիր: