Փետրվարի 7-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակունք գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են մարտկոցը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված տեղեկություններն իրացնելիս Կոտայքի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Բյուրեղավան քաղաքում ապրող 28-ամյա մի տղամարդ, որը ժամը 17.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել է գողոնը:
Նա բացատրությամբ հայտնել է, որ նմանատիպ գողություններ է արել նաեւ Ակունք, Կաթնաղբյուր եւ Արամուս համայնքներում:
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 1-ին տղամարդը հարմարեցված գործիքով բացել է Արամուս գյուղի Ջրմուղի փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի շարժիչի կափարիչը եւ գողացել մարտկոցը։ Բացահայտվել են, հունվարի 20-ին Կաթնաղբյուր գյուղում նույն եղանակով կատարված երկու այլ գողություններ եւս։
Քննությունը շարունակվում է։




























