Օրինաստեղծ արտադրողականությունը 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանում ավելացել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» զեկույցը:
«26-ով, կամ 18 տոկոսով ավելի շատ օրենք է հասցրել ընդունել ԱԺ-ն քան նախորդ նստաշրջանում: Վերջին 10 տարիների ընթացքում գրանցվել է առաջին բացառիկ ցուցանիշը, երբ բոլոր օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Նման ցուցանիշ մենք չէինք արձանագրել նախկինում: Ընդհակառակը, եղել են նստաշրջաններ, երբ օրինագծերի միայն 5 տոկոսն է հեղինակել խորհրդարանը: Այս անգամ 169 օրենքներից 53-ը հեղինակել են պատգամավորները»,-ասաց նա՝ հավելելով, որ նախորդ նստաշրջանում պատգամավորների հեղինակած ընդամենը 12 օրենք է ր ընդունվել, հիմա ստացվում է, որ ցուցնաիշը բարելավվել է 4 անգամ:
Վասիլյանը եւս մեկ դրական բան նշեց. Նրա խոսքով, ասյ նստաշրջանում ընդամենը երեք արտահերթ նիստ է եղել եւ ընդունված օրենքների ընդամենը 20 տոկոսն է ընդունվել արտահերթերով, մինչդեռ նախկինում օրենքների կեսից ավելին ընդունվում էր արտահերթերի ժամանակ:
«Այս նստաշրջանում ընդդիմությունը կարողացել եւ շատ օրենք ընդունել, նաեւ մերժումներն են ավելացել: Մասնավորապես, ԱԺ-ի կողմից ներկայացված 53 ընդունված օրենքներից 23-ը հեղինակել են ընդդիմադիր երկու խմբակցությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ այս խորհրդարանը չխոսող պատգամավորներ ավելի քիչ ունի:
«5-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորների կեսից ավելին չէր մասնակցում օրենսդրական քննարկումներին: Ունեինք ցուցանիշ, որ 105 պատգամավորներից 65-ը քննարկումներին չէր մասնակցում: Նոր խորհրդարանում միտումը հակառակն է. 132 պատգամավորից 20-ը ընդհանրապես քննարկումներին չի մասնակցել: «Լուսավոր Հայաստանից» այդպիսի մեկ պատգամավոր կա, իսկ մյուս երկու խմբակցություններից մոտ 10-ական»,-ընդգծեց Վասիլյանը:





























