Ես անձամբ այս նստաշրջանում 14 նախագիծ եմ ներկայացրել, որոնցից 5-ն ընդունվել է, 7-ն ընթացքի մեջ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» խորագրով քննարկման ժամանակ:

«Ամենահեշտն այն է, որ նախագիծ բերես, եւ իշխանությունը ցանկանում է մերժել, բայց երբ ասում ես՝ բացատրիր, թե ինչու ես մերժում, այդտեղ խնդիր է առաջանում: Այդտեղ սկսում ենք արդեն համագործակցությունը: Իշխող ուժի նախաձեռնություններն ավելի քիչ են մերժվում, որովհետեւ նրանք ունեն կառավրությունը որպես աջակից: Կառավարությունը լինելով նույն թիմի անդամներ, իրենց ռեսուրսներով օժանդակելու են, որպեսզի ավելի որակյան օրինագիծ ունենան: Բացի այդ, նաեւ հաճախ հուշումներ են լինում, որ երբ կառավարությունում որեւէ նպատակ կա, նրանք կարող են իրենց խմբակցության պատգամավորներին պատվիրել, որ նման օրենք մշակել: մենք դա ընդունում ենք,դրա մջ որեւէ տարօրինակ բան չենք տեսնում»,-ասաց Բագրատյանը:

Իսկ այն, որ այս ԱԺ-ում ընդդիմությունն ավելի ակտիվ է աշխատում, դա ըստ նրա, այն բանի շնորհիվ է, որ ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ ըմբռնումն ավելի բարձր մակարդակի վրա է. «Նախորդ ԱԺ-ում իմաստ չուներ նախագիծ բերեիր, ի սկզբանե գիտեիր, որ մերժվելու է»:

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ երբեմն իրենք բերում են նախագծեր, իշխող խմբակցությունը մերժում է եւ ինքն է նմանատիպ նախագիծ ներկայացնում: Նա այդպիսի երկու օրինակ բերեց: «Նման դեպքում ընդդիմությունը կարող է նեղացած  կեցվածք ընդունել, բայց դա աշխատանք է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ կատակով նշելով, որ որոշել է մի նախագիծ ներկայացնել, որ պատգամավորը կարողանա արտոնագրել իր միտքը, որ չկարողանան օգտագործել այն:

«Ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը համեմատության եզրեր ունի նախորդի հետ: Այս խորհրդարանի երիտասարդ կադրերը անփորձ են, բայց ակտիվություն կա, եւ այդ երիտասարդների մի մասը վստահաբար, ապագա Հայաստանի լուրջ քաղաքական գործիչներ կարող են լինել: Պետք է այստեղ համադրել ավագ սերնդի փորձն ու երիտասարդների ավյունը եւ ստանալ լավ արդյունքներ»,-ընդգծեց Սերգեյ Բագրատյանը: