Ամեն անգամ Էդմոն Մարուքյանն իր գլխից կրակում իր գործողություններով, իր թվացյալ ճիշտ որոշումներով, տարբերվելու ցանկությունով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ամեն անգամ ինքն իրեն ոչնչացնում է: Ես վստահ եմ, որ եթե վաղը մենք ընտրություններ ունենանք, չես չգիտեմ՝ «Իմ քայլը» ինչքան կհավաքի, կարող է մի քիչ քիչ կամ շատ հավաքի, բայց ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու: Որովհետեւ իր դիրքորոշումը պարզ չի, ինչը ոչ կարողանում է իշխանություն հանդես գալ, ոչ ընդդիմություն, անընդհատ արդարանում է»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչու էին իրենք ժամանակին համագործակցում Մարուքյանի եւ նրա ղեկավարած ուժի հետ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Քաղաքացիական պայմանագիրը»« միշտ բոլորին վերաբերվել է անմեղության կանխավարկածից եւ լավի կանխավարկածից ելնելով, հնարավորություն է տվել գործողություններով ապացուցել, որ իրենք լավն են: Պարոն Մարուքյանը եւ շատ մարդիկ այդ շանսն օգտագործել են եւ բազմիցս ապացուցել են, որ իրենց հետ ճանապարհ գնալը սխալ է»:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե «ոչ»-ի ճամբար ձեւավորելը ձեռնտու է հենց իշխանությանը, քանի որ դա կլինի թիրախ, որին իշխանությունը կքննադատի եւ ժողովրդին կոչ կանի այո ասել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Էդմոն Մարուքյանի ամեն մի հարցազրույցը իշխանությանը ձեռնտու է: Ես իրեն առաջարկում եմ ինքն այլեւս հարցազրույց չտա: Էլի քաղաքական գործիչներ կան, որ այդպես է. օրինակ, Սերժ Սարգսյանը երբ հարցազրույցներ է տալիս, կամ Միքայել Մինասյանը նամակներ է գրում տարբեր քաղաքներից: Դա մեզ շատ ձեռնտու է: Մեզ ձեռնտու չի, երբ հնչում է կոնկրետ քննադատություն մարդկանց կողմից, որոնք նախկինի հետ կապված չեն եղել, կապված չեն»:




























