Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների նկատմամբ պարտադիր պահանջ նախատեսել` 100 հազար դրամից ավել արժողությամբ նվիրատվությունների կամ նվերների մասին տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դրանց պաշտոնական կայքերում տեղադրելու մասին:
Այս մասին փետրվարի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Ըստ խորհրդարանականի` համայնքների նկատմամբ նման պահանջները դրանց աշխատաոճն ավելի թափանցիկ կդարձնեն: Բացի այդ, դա, պատգամավորի կարծիքով, կօգնի դրանց զերծ պահել կասկածելի հովանավորներից եւ ազդեցությունից, ինչը, իր հերթին, կնպաստի պետական մարմինների նկատմամբ վստահության ձեւավորմանն ու ամրապնդմանը:




























