Հայաստանի համար ծանր էր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնելը, բայց մյուս կողմից` մենք հարեւաններ ենք եւ պարտադրված ենք հարաբերություններ ունենալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 1-ին Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարի գնահատմամբ` հայ-բելգիական հարաբերությունները նորմալ են զարգանում թե տնտեսության բնագավառում, թե միջխորհրդարանական հարաբերությունների կտրվածքով եւ թե արտգործնախարարությունների երկխոսության մակարդակով: «Բայց, ցավոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը որոշակի ուղղումներ է մտցնում թանկարժեք քարերի գների հետ կապված` դրանով պայմանավորված մեր երկկողմ առեւտրաշրջանառությունը 2009թ-ին պակասել է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Բելգիայի խորհրդարանի ղեկավարը ցանկություն է հայտնել լսել նախագահ Սարգսյանի տեսակետը հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Ծանր էր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնելը, բայց մյուս կողմից` մենք հարեւաններ ենք եւ պարտադրված ենք հարաբերություններ ունենալ: Սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթացը: Բայց, հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում մոռանալ կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ շեշտել, որ գործընթացի սկզբից ի վեր որեւէ խոսք չի եղել եւ չկա նախապայմանների մասին:

Հանրապետության նախագահը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները:

Բելգիայի Սենատի ղեկավարը ասել է, որ տարածաշրջանն, իրոք, շատ բարդ է` բազմաթիվ խնդիրներով, բայց նաեւ նկատել է, որ այդ խնդիրների առանձին-առանձին լուծումները, կարծես, ճիշտ ճանապարհի վրա են: