Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը մեկ անգամ է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն` Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալու համար: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից` հերքելով լուրերն այն մասին, որ Նազարյանը օրերս երկրորդ անգամ է հրավիրվել ՀՔԾ` Թամամյանի հետ առերեսվելու: Ի դեպ, NEWS.am-ը այս մասին ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղղել ՀՔԾ-ին, որին սակայն պատասխանեցին բանավոր` հավելելով, թե նախաքննությունը շարունակվում է եւ ՀՔԾ-ն պարտավորված չէ գործի հետ կապված ամեն մի տեղեկություն մեկնաբանել:
Նշենք, որ NEWS.am-ին ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը օրերս կրկին կանչվել է ՀՔԾ եւ հարցաքննվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Մամուլում նշվել է նաեւ, որ ՀՔԾ-ում տեղի է ունեցել նաեւ Ներսես Նազարյանի եւ նույն քրեական գործով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանի առերես հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ Թամամյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է այն պատճառով, որ նա Արաբկիրում տեղի ունեցած սպանության մեղադրանքը բարդել էր ոչ թե իրական հանցագործի, այլ մեկ այլ մարդու` ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա:





























