Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին համոզված լիներ, որ մի քանի շրջանների փոխարեն Ադրբեջանը կհամաձայներ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությանը եւ նրա անվտանգության երաշխիքներին, ապա նա կգնար փոխզիջման՝ հաշվի չառնելով Ստեփանակերտի կողմից հակազդեցությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ Ազգային  ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը՝ մեկնաբանելով ВВС-ին տված Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն  հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր էր լուծել 97-ին՝ համաձայնելով տարածքային որոշ զիջումների՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց։  

«ԼՂ հակամարտության լուծման այն ճանապարհը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էր 97-ին, կա նաեւ այժմ, եւ մնում է համաձայնել դրան։ Սակայն  պետք է մտածել՝ նման որոշումը բխո՞ւմ է հայ ժողովրդի սպասելիքներից, ստեղծո՞ւմ է արդյոք այն անվտանգության երաշխիքներ եւ Ղարաբաղի ինքնիշխանություն։ Կարծում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը 97-ին համոզված լիներ, որ ինքը ճիշտ է, նա ռիսկի կգնար՝ չնայած Ստեփանակերտի եւ իր շրջապատի հակազդեցությանը»,- նկատեց Աթանեսյանը։