«Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչները համոզված են, որ միջոցառման շուրջ կրքերը արհեստականորեն բորբոքել են մրցակից «Արմենիա» մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը։

«Դա սեւ PR էր, որն արեցին  մեր մրցակիցները՝ «Տաշիր» մրցանակաբաշխությունից ընդամենը երկու շաբաթ հետո կազմակերպված «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության հեղինակները»,- նշեց Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ ինչ էլ լինի, «Տաշիրը» կայացավ եւ կայացավ ամենաբարձր մակարդակով։ «Ուղղակի ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ մեր մրցանակաբաշխությունը, հակառակ տարածված խոսակցությունների, ոչ թե բնակարաններ տրամադրելուն ուղղված բարեգործություն էր, այլ շքեղ շոու-ծրագիր, որը 80 տոկոս դիտելիություն էր ապահովել։ Մրցանակաբաշխության ժամանակ Կրեմլի դահլիճում 6 հազար մարդ էր նստած, այն դեպքում, երբ տոմսերն այնքան էլ էժան չէին. միջինը՝ 200, ամենաթանկերը՝ 1500 դոլար»,- տեղեկացրեց նա։

Ասուլիսին ներկա «Տաշիր մեդիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանն իր հերթին եւս ընդգծեց, որ մրցանակաբաշխությունը ոչ թե բարեգործական ակցիա էր,այլ լավ կազմակերպված շոու։ «Արտիստներին  բնակարաններ տրամադրելու կապակցությամբ բացասական արձագանքներ ստացանք միայն Հայաստանից, սփյուռքը բոլոր առումներով միայն գոհունակություն հայտնեց, գոհունակության նամակներ ուղարկեցին նաեւ համերգին ներկա տարբեր երկրների դեսպաններն ու հյուպատոսները։ Ուղղակի եղան մի խումբ գործարարներ, ովքեր ցանկացան մասնակցել մրցանակաբաշխությանը եւ իրենց նախընտրած արտիստներին նվերներ անել։ Սակայն հատկանշական է, որ այդքան թվով գործարարներից խոսվեց միայն ՍամվելԿարապետյանի եւ նրա տրամադրած նվերների մասին»,- զարմանք հայտնեց Հրանտ Բաբասյանը։

Մարկ Սաղաթելյանն հաստատեց, որ գործարարների նմանօրինակ վարքը չպետք է այսքան մեծ դժգոհություն առաջացներ, քանի որ նրանք Հայաստանի համար «շատ բան են արել, անում են եւ կանեն»։

Ամփոփելով՝ «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսերը շեշտեց՝ իրենք լավ են գիտակցում, որ «Տաշիր» մրցանակաբաշխության դեպքում բարձր մշակույթի մասին  խոսք լինել չի կարող, իսկ բնակարաններ ստացող արտիստներին էլ ընկերությունն ընտրել է խիստ սուբյեկտիվ չափորոշիչներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 3–ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց։ Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը: