Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը լիովին համապատասխանում է ռազմավարական գործընկերության հարաբերություններին։ Ապրիլի 19-ին Երեւանում ընթացող «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է մասամբ կամ ամբողջությամբ ռուսական կապիտալով աշխատող 1400 ձեռնարկություն։ Անցած տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է 20 տոկոսով։
Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամին եւ Հայաստանի վրա ունեցած դրա հետեւանքներին՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «ճգնաժամը ստիպեց կրկին վերանայել իրավիճակը»։ Նրա խոսքով, հակաճգնաժամային ծրագիրը որոշակի արդյունք տվել է, սակայն աշխատանքը դեռեւս չի վերջացել։ Այս համատեքստում վարչապետը երախտագիտություն հայտնեց ռուսական կողմին, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու համար 500 մլն դոլար վարկ էր տրամադրել։ Վարչապետը նշեց նաեւ բարեփոխումների 7 ուղղություն, դրանց թվում՝ գյուղատնտեսության զարգացում, բիզնեսը վարելու միջոցների ստեղծում, խոշոր ինֆրակառուցվածքային նախագծեր, ինչպես օրինակ՝ նոր ԱԷԿ-ի, Հայաստան-Իրան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցում, քաղաքացիների կյանքի որակի լավացում։





























