Մոսկվայում կարծում են, որ Իդլիբում իրավիճակի սրման պատճառը Թուրքիայի կողմից համաձայնությունների չկատարումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ներկայիս դեգրադացիայի պատճառը Անկարայի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի պարտավորությունների չկատարումն ու Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի գոտում, Անկարայի կողմից այսպես կոչված չափավոր ընդդիմության ջոկատների տեղակայումն է»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ավելի վաղ ձեռքբերված համաձայնություններին եւ համատեղ աշխատանքին: «Ներկայիս պայմաններում գլխավոր խնդիրը բռնության մակարդակի նվազեցումն է, երաշխավոր երկրների զինծառայողների անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ ուժային գործողությունների արդյունքում զինված առճակատման կանխարգելումը»,- նշել է նա:    

Ավելի վաղ Էրդողանը Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել է Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ եւ հայտարարել, որ Անկարան մտադիր է հարձակվել սիրիացի զորքերի վրա նույնիսկ դեէսկալացիայի գոտուց դուրս, եթե Դամասկոսը շարունակի հարձակումը: