Պատերազմի դեպքում Հայաստանում գործող առևտրային կազմակերպություններին կհանձնարարվի պահել նյութական ռեզերվի մի մասը: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովի նիստին «Նյութական պահուստի մասին» նախագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

Նրա խոսքով, ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից, բնակչության և Զինված ուժերի կարիքները բավարարելու խնդրի լուծումը թշնամու կողմից երկրի ճանապարհային շրջափակման դեպքում գտնվում է առաջին պլանում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձեւավորման, տեղաբաշխման, սպասարկման, օգտագործման, համալրման եւ թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական եւ կենդանական յուղի եւ մի շարք այլ պարենային ապրանքների հիմնական քանակությունը ներմուծվող են, դրանց մատակարարման նույնիսկ կարճ ընդհատումը կարող է ճգնաժամի պատճառ դառնալ, իսկ նման սպառնալիքների հետեւանքների կանխարգելումը կամ վերացումը պետական նյութական պահուստի խնդիրն է:

Փոխնախարարը շեշտեց, որ անցյալի փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում լիբերալ տնտեսական հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումները այլեւս չեն կարող բավարար համարվել, քանի որ դրանք նյութական պաշարների զարգացման գործընթաց չեն ապահովում:

«Ներկայումս մասնագիտացված առեւտրային կազմակերպությունների ներուժը պետական նյութական պահուստի ձևավորման համար չի օգտագործվում»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ այս օրենսդրական փաթեթի համաձայն, մասնավորապես, պետական նյութական պահուստի 10 տոկոսը առաջարկվում է փոխանցել առևտրային կազմակերպությունների պահմանը: