«Զարմանալի է, երբ շատերն ասում են, թե հայ-թուրքական այս արձանագրություններում նախապայմաններ չկան: Դրանք այնքան շատ են…»,- այսօր այդ արձանագրություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ղեկավար, պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ շատ ճիշտ կլիներ, եթե պարզապես կողմերը վերադառնային 1993 թվականի դրությանը, երբ սահմանը բաց էր: Նա նշեց, որ այսօրվա սահմանները որեւէ իրավական պայմանագրով հաստատված չեն, քանի որ Կարսի պայմանագիրը ստորագրվել է ոչ Հայաստանի կողմից, դրա հակառակ թուրքերն ամեն կերպ փորձում են հասնել նրան, որ «դե ֆակտո» սահմանները դարձնեն նաեւ «դե յուրե»:

Այնուհետեւ անդրադառնալով պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթին, Ա. Մելքոյանն ասաց. «Երբ ինձ ասացին, որ դա պատմաբանների հանձնաժողով չի լինելու միջկառավարական հանձնաժողով է լինելու, ես շատ ուրախացա, որ ստիպված չեմ լինելու գնալ ու աշխատել այնտեղ: Ես ցավակցում եմ այն մարդկանց, ովքեր այդ հանձնաժողովում աշխատելու են»:

Նա նաեւ ընդգծեց, որ այդ արձանագրություններում պետք է ամրագրվի, որ եթե մի կետը խախտվում է, ապա փաստաթուղթը կորցնում է ուժը, որովհետեւ կարող է Թուրքիան որեւէ պատրվակով սահմանը նորից փակի, իսկ սահմանների ճանաչման դրույթը մնա: