Երեկ Լոս ԱՆջելեսի «Staples Center» համերգային կենտրոնում կայացել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի վերջին հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել է ավելի քան 17 հազար մարդ եւ որը հեռարձակվել է աշխարհի բազմաթիվ հեռուստաալիքներով: Հիշեցնենք, որ Ջեքսոնը հանկարածամահ էր եղել հունիսի 25-ին:
Արարողությանը, բացի Մայքլ Ջեքսոնի ընտանիքից ու հարազատներից, մասնակցել են նաեւ սպորտի և շոու բիզնեսի աստղեր, որոնց թվում են եղել Սթիվի Ուանդերը, Քիուն Լատիֆը, Ջենիֆեր Հադսոնը, Մարթին Լյութեր Քինգ երրորդը, Սմոկի Ռոբինսոնը, Լայոնել Ռիչին և ուրիշներ:
Ջեքսոնի ոսկեզօծ բրոնզե դագաղը բեմ են բարձրացրել նրա եղբայրները, ովքեր մեկ ձեռքին կրում էին սպիտակ ձեռնոց, որը համարվում է հանգուցյալ երգչի տարբերանիշը։ Բեմի ներքևի մասում դրվել են բազմահազար ծաղկեպսակներ և ծաղկեփնջեր: Ելույթ է ունեցել ամերիկացի պրոդյուսեր և երգերի հեղինակ Սմոկի Ռոբինսոնը, ով կարդացել է Ջեքսոնի ընկերուհի Դայանա Ռոսի և Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելայի ուղերձները, ովքեր չեն կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը: Արարողությանը ելույթ են ունեցել նաև Ստիվի Ուոնդերը, Կիուն Լատիֆը, Ջենիֆեր Հադսոնը, Մարթին Լյութեր Քինգ երրորդը և ուրիշներ:
Ջեքսոնի հիշատակի համերգը բացել են Մրայա Քերին և Թրեյ Լորենցը, ովքեր կատարել են փոփ արքայի «I’ll be there» երգը։ Իրենց երգերով հանդես են եկել նաեւ Լայոնել Ռիչին, Սթիվի Ուոնդերը, Ջենիֆեր Հադսոնը և Աշերը: Ջեքսոնի եղբայր Ջերմեյն Ջեքսոնը կատարել է «Smile» երգը:
Արարողության ավարտին Ջեքսոնի ընտանիքի անդամները և հյուրերը միասին կատարել են Մայքլ Ջեքսոնի ամենահանրահայտ կատարումներից մեկը՝ «Heal the World»-ը։ Ներկաների թվում էին նաև երգչի երեք երեխաները՝ դուստր Փերիս Մայքլ Քեթրինը, որդիներ Փրինս Մայքլն ու Փրինս Մայքլ II-ը։ «Հայրս աշխարհում ամենալավ հայրիկն էր, և ես նրան շատ եմ կարոտում»,- բեմից խոստովանեց Ջեքսոնի 11-ամյա դուստրը։
Նշենք, որ մինչև հիմա հստակ տվյալներ չկան` երբ և որտեղ պետք է թաղեն Ջեքսոնին: Իսկ նրա գլխուղեղը գտնվում է փորձագետների մոտ:



















