«Անցյալ տարվա օգոստոսյան պատերազմը Հյուսիսային Կովկասի խնդիրը բարձրացրեց միջազգային ասպարեզ: Եւ այս առումով պետք է խոստովանենք, որ եթե մտածում ենք ստեղծել տարածաշրջանային համագործակցության լանդշաֆտ, ապա մենք հիմա շատ ավելի հեռու ենք այդ նպատակից, քան մեկ տարի առաջ»,- այս մասին այսօր Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի եւ Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ծրագրերի տնօրեն Օկսանա Անտոնենկոն։
Բայց, ինչպես նա է նշում, կան նաեւ դրական փոփոխություններ, առաջինը դա ռուս- ամերիկյան հարաբերությունների փոփոխությունն է։ «Պետք է խոստովանենք նաեւ, որ անցյալ տարվա պատերազմը կապված էր նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման հետ։ Իսկ այսօր, երբ Օբաման հրաժարվել է Վրաստանը ներգրավել ՆԱՏՕ-ի կազմում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի կբարելավվեն, եւ նրանք Կովկասում դրական համագործակցության վերաբերյալ կկարողանան ընդհանուր լեզու գտնել»,- ասաց նա։
Անտոնենկոյի կարծիքով՝ երկրորդ դրական փոփոխությունը Եվրամիության նոր դերակատարությունն է, որը անվտանգության դաշտում իրեն հայտարարել է, լուրջ խաղընկեր, իսկ երրորդը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր առաջընթացն է։
«Եթե հայ-թուրքական սահմանի բացման քայլը կատարվի երկու պետությունների առաջնորդների եւ հասարակության կողմից, ապա տարածաշրջանը ավելի կբացվի,եւ դա նաեւ կազդի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա»,-հայտարարեց փորձագետը։




























