Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին Բրեստում մասնակցել է «Արեւմուտք-2009» օպերատիվ ռազմավարական զորավարժություններին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությունների բացումը կատարել են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Ալեքսանդր Լուկաշենկոն:

Սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նեղ կազմով նիստը, որին հետեւել է ընդլայնված կազմով նիստը:

Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի համատեղմանը վերաբերող հարցեր:

Հայկական պատվիրակությունը երեք առաջարկություն է ներկայացրել, որոնք ընդունվել են միաձայն եւ ամրագրվել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի որոշումներում:

Հայկական կողմի առաջարկով նիստում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությանը հանձնարարվել է մշակել միջպետական նպատակային ծրագիր:

Հոկտեմբերի 1-ին պատվիրակությունը վերադարձել է Երեւան: