Օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական երկու արձանագրությունները եւ դրանց հետեւանքները դրդել են hայկական Սփյուռքի երեք կուսակցությունների (Սոցիալ-դեմոկրատական Հնչակյաններ, Ռամկավար-ազատականներ եւ ՀՅԴ) հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված նախաստորագրված արձանագրություններն առաջ են բերել Լիբանանի համայնքի, ինչպես նաեւ այն երկրների մտահոգությունը, որտեղ ներկայացված է հայկական Սփյուռքը։ Արձանագրություններում սեւով սպիտակի վրա նախապայմանները շարադրված չեն, այդուհանդերձ հետեւյալ դրույթները մեծ վտանգ են ներկայացնում եւ ստիպում հակադրվել դրանց՝

1.Պատմական իրողությունները եւ արխիվները ուսումնասիրող հանձնաժողովի առկայությունը կարող է կասկածի տակ դնել Հայկական Ցեղասպանության փաստը՝ այդ կերպ կանգնեցնելով դրա ճանաչման գործընթացը։

2.Սկզբնապես ընդունված Թուրքիայի տարածքային ամբողջականությունը հավասարազոր է տարածքային պահանջներից հրաժարումի եւ Կարսի պայմանագրի վավերացման։

3.Միջազգային հանրության գործողությունները՝ միտված տարածաշրջանում խաղաղությանը,կայունությանն ու անվտանգությանը, նշանակում են նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ինչն իր հերթին նշանակում է Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայման՝ արցախյան հիմնահարցի մասով։ Անկարայի բոլոր պաշտոնական հռչակագրերում շրջանառվում է ղարաբաղյան խնդրի լուծման պահանջը։

Հայկական երեք կուսակցությունները շարունակում են պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Փաստաթղթերում Թուրքիայի կողմից նախապայմաններ են թաքնված։ Մենք միասնական ուժերով փորձելու ենք չեղյալ հայտարարել դրանք։ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները ողջ հայության խնդիրն են։ Ուրեմն պաշտպանենք Սփյուռքի երեք կուսակցությունների հետեւողական գործունեության արդյունքում ձեռք բերած հաղթանակները»։