Սփյուռքի նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը՝ 6 ամսով հետաձգել Հայ բարերարների ճեմուղու հիմնադրումը։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։
Հիշեցնենք, որ 2010 թ. օգոստոսին ընդունած կառավարության որոշմամբ՝ ճեմուղին պետք է պատրաստ լիներ 2011 թ. առաջին եռամսյակում։ Այն պետք է գտնվի Հանրապետության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանի շրջակայքը գտնվող այգու տարածքում:
Նախատեսվում է ճեմուղում տեղադրել հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող արձան, ինչպես նաեւ հայ խոշորագույն բարերարներ Ալեքսանդր Մանթաշյանի, Միքայել Արամյանցի, Պողոս Նուբարի, Գալուստ Կյուլպենկյանի, Լազարյան եղբայրների եւ Ալեք Մանուկյանի արձանները։
Ճեմուղու հիմնադրման նպատակով Սփյուռքի նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է 21 մլն դրամ (մոտ 55 հազ. դոլար)։
Սփյուռքի նախարարությունը ճեմուղու հիմնադրման հետաձգումը պայմանավորել է բնակլիմայական պայմաններով, տարածքի հատկացման հետ կապված խնդիրներով, քարերի ընտրությամբ եւ «այլ տեխնիկական» պատճառներով:




























