Գեղարքունիքի մարզում՝Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այսօր` ապրիլի 20-ի վաղ առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար` մահվան ելքով:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 16 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ավտովթարի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի մասից, կատարվել են լվացման աշխատանքներ:

Վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել: