Քիչ առաջ Երեւանի Հաղթանակ կամրջից ինքնասպանության նպատակով մոտ 50 տարեկան մի տղամարդ է ցած նետվել եւ տեղում մահացել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեում են 1-03 ծառայության աշխատակիցները եւ սպասում են, որ ժամանի դիակ տեղափոխող մեքենան, ինչպես նաեւ դատաբժիշկը:
Դեպքի վայրում են ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ծառայության աշխատակիցները, որոնք պարանների միջոցով փորձում են ձորից դուրս հանել ինքնասպանության դիմած տղամարդու դին: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները`ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի աշխատակիցները` քրեական հետախուզության բաժնի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ: Կամրջի վրա առաջացել էր հսկայական խցանում, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները կայանել էին կամրջին:
Խցանումը վերացնելու համար դեպքի վայր ժամանեցին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ, եւ արդեն բացել են երթեւեկությունը:
Այս պահին դեռեւս հայտնի չէ ինքնասպանի ինքնությունը: Նրա մոտից տետր են հայտնաբերել, որտեղ նա գրել է իր արարքի դրդապատճառները:












Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























