Այսօր, ապրիլի 20-ին Երեւանի ժամանակով կեսգիշերից 30 րոպե անց Վալենսիայում տեղի կունենա Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչը: Գավաթը կվիճարկեն Բարսելոնան ու Ռեալը: Հինգ օր անց տեղի կունենա հերթական սուպերկլասիկոն` միակն այս մրցաշրջանում, որը կլինի մրցանակային: Թիմերը Գավաթի եզրափակիչում հանդիպել են հինգ անգամ: Երկու անգամ հաղթել է Ռեալը (1936, 1974), երեք անգամ` Բարսելոնան (1968, 1983, 1990):
Ռեալը բոլորից շատ` 36 անգամ խաղացել է Գավաթի եզրափակիչում, սակայն միայն 17 անգամ է դարձել գավաթակիր, իսկ առաջին տեղում Բարսելոնան է, որը 25-ակի գավաթակիր է:
Իսպանիայի գավաթակիրներ
Բարսելոնա - 25-ակի գավաթակիր (34 եզրափակիչ)
Աթլետիկ, Բիլբաո - 23 (34)
Ռեալ, Մադրիդ - 17 (36)
Աթլետիկո - 9 (17)
Վալենսիա - 7 (16)
Սարագոսա - 6 (11)
Սեւիլիա - 5 (7)
Էսպանյոլ - 4 (9)
Ռեալ Ունիոն - 4 (5)
Ռեալ Սոսյեդադ - 2 (6)
Բետիս - 2 (4)
Դեպորտիվո - 2 (4)
Արենաս - 1(4)
Մալյորկա - 1 (3)
Նախորդ անգամ Ռեալն Իսպանիայի գավաթը նվաճել է 1993 թվականին: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլյասի համար Իսպանիայի գավաթը մնացել է միակ չնվաճած մրցանակը:
Բացի այդ Իսպանիայի գավաթը փրկօղակ է Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար, որին սպառնում է առաջին անգամ իր կարիերայի ընթացքում թիմի հետ առաջին մրցաշրջանում տիտղոս չնվաճել: Առջեւում նաեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են նույն Բարսելոնայի հետ` ապրիլի 27-ին եւ մայիսի 3-ին:





























