Ճապոնական խոշոր Toyota Motor ավտոմեքենաշինական կորպորացիան երկուշաբթի վերսկսել է Սիչուան նահանգի վարչական կենտրոն Չենդուում իր հավաքման գործարանի աշխատանքը: Այսպիսով, հիմա վերսկսվել է Չինաստանում ընկերության բոլոր 4 ձեռնարկությունների գործունությունը, որն ավելի վաղ դադարեցվել էր նոր կորանվիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Չանչուն, Գուանչժոու եւ Տյանցզին քաղաքներում մյուս երեք գործարանների աշխատանքը Toyota Motor-ը վերսկսել էր նախորդ շաբաթ: Միաժամանակ, Չինաստանում կորպորացիայի ձոեռնարկություններն առայժմ գործարկված են 50 տոկոսով, քանի որ դեռեւս դժվարություններ ունեն կարանտինային սահմանափակումների հետ կապված արտադրական շղթայի խախտման պատճառով:

Toyota Motor-ը նախատեսել էր Չինաստանում իր ձեռնարկությունների գործունեությունը վերսկսել փետրվարի սկզբին լուսնային Նոր տարվա հանգստյան օրերի ավարտից հետո, այնուհետեւ հետաձգել էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն կորոնավիրուսի տարածման հետ կապված Չինաստանի իրավիճակը չէր բարելավվել եւ ժամկետները կրկին հետաձգվել էին:

Ավելի վաղ Չինաստանում իրենց գործարանների աշխատանքը մասնակի կամ ամբողջական վերականգնել էին Ճապոնական ընկերություններ Nissan Motor-ը, Honda Motor-ը եւ Mazda Motor-ը: