Իրանի հունիսի 12-ի նախագահական ընտրությունները անցել են արդար։ Իրանի համար նոր դարաշրջան է սկսվել։ Երկուշաբթի օրը, իրանական ազգային հեռուստատեսությամբ հանդես գալու ժամանակ այս մասին ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

Վերահաշվարկով երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին ելույթում Ահմադինեջադը ասել է հետեւյալը. «Սա նոր սկիզբ է Իրանի համար, մենք թեւակոխել ենք նոր դարաշրջան։ Ընտրությունները միանգամայն թափանցիկ եւ առողջ էին։ Ձայների վերահաշվարկի ժամանակ ոչ մի խախտում չի արձանագրվել։ Եվ ողջ երկիրը հասկացել է դա։ Ընտրությունները կրկնապատկել են իրանական ժողովրդի արժանապատվությունը»։

Միաժամանակ, ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավին, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, թե նախագահական ընտրությունների հաղթողն ինքն է, պատրաստվում է գործել յուրովի։ Նա մտադրվել է հանդարտեցնել ժողովրդին, հրաժարվել ցույցերի մարտավարությունից եւ ստեղծել քաղաքական կուսակցություն, որը կգործի «օրենքի սահմաններում»։

Երկուշաբթի օրը Մուսավին հանդիպել է ընդդիմության այլ առաջնորդների հետ՝ նախկին նախագահ Մուհամադ Հատամիի եւ Մահդի Կարուբիի հետ։ Նրանք նախազգուշացրել են իրանական հոգեւորական ղեկավարությանը, որ եթե անվտանգության ուժերը շարունակեն ճնշումներ գործադրել. «ապա դա կհանգեցնի քաղաքական գործունեության ծայրահեղականացմանը»։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Ձերբակալությունների անիմաստ ալիքը պիտի անմիջապես դադարեցվի, իսկ բոլոր անմեղ բանտարկվածները, ովքեր ոչ մի հանցագործություն չեն գործել, պիտի անհապաղ ազատ արձակվեն։ Անվտանգության ուժերն ու բանակը պիտի վերադառնան իրենց մշտական տեղաբաշխման վայրերը»։