«Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ 2010 թ. 7 վարչական վարույթ է հարուցվել անբարեխիղճ մրցակցության մեղադրանքով, յոթ անգամ այդ ընկերությունը տուգանվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, սակայն բոլոր այդ որոշումները դատական կարգով բողոքարկվել են: Այսօր Երեւանում մրցակցության խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը;

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը հիմնականում մեղադրվում է ռուսական եւ ուկրանիական օղիների նմանակման համար:

Ա. Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ի կողմից պատժվող բոլոր տնտեսվարողներն էլ որոշումները բողոքարկում են դատարանում, անգամ փոքր տուգանքների դեպքում:

Ինչ վերաբերում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մեղադրանքներին՝ կապված ձվի շուկայում հարուցված վարույթի հետ, Ա. Շաբոյանն ասաց, որ իրենք մեծ ծավալի աշխատանք են տարել, ու լիովին հիմնավորել ու ապացուցել են Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մեղքը: Հիշեցնենք, որ ֆաբրիկան մեղադրվում է Ամանորի նախօրեին ձվի գինը գերիշխող   դիրքի չարաշահման միջոցով բարձրացնելու մեջ: