Երեւանում բարձրացած փոշին չի խոչընդոտել օդանավակայանի աշխատանքին, բոլոր թռիչքները կատարվել են սահմանված ժամանակ եւ ուշացումներ չեն եղել: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին NEWS.am-ի թղթակցին ասացին ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Նրանց խոսքով` «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով եւ եղանակային պայմանների հետ կապված` բարդություններ չեն առաջացել:
Նշենք, որ այսօր Երեւանի փողոցներում առաջացած փոշու մեծ ծածկույթը առաջացրել է բնակիչների անհանգստությունը։ Բնակչության շրջանում, անգամ սոցիալական կայքերում քննարկումներ են սկսվել, թե դա կապված է Հայաստանի ատոմակայանի աշխատանքի հետ: Բայց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն այսօր գիշերը եւ երեկ ցերեկը դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքներ ինտենսիվ ներհոսք, ինչով պայմանավորված` անապատային փոշին տեղափոխվել է հանրապետության տարածք:




























