«Ինչպես կարելի է բացել մի սահման, որը չես ճանաչում»,- այսօր հայ-թուրքական արձանագրությունների մասին խորհրդարանական լսումների ժամանակ տարակուսանք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան պնդումների, թե այդ արձանագրություններով Հայաստանը ճանաչում է ներկա Թուրքիայի սահմանները, դրանով վավերացնելով այն սահմանները, որոնք գծվել են Կարսի պայմանագրով: Հիշեցնենք, որ լսումներին ներկա շատերը պնդում են, որ հարաբերությունների հաստատումը սահմանները ճանաչելու հետ կապ չունի, եւ որ շատ երկրներ կան, որ ունեն հարաբերություններ, առանց միմյանց սահմանները ճանաչելու:
Մյուս դիտարկմանը, թե այս գործընթացով կանգ է առել ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ արդեն մեկ տարի է ոչ մի երկիր նման քայլի չի գնացել, նախարարն արձագանքեց. «2007-ի հունիսից մինչեւ 2008-ի հունիս եւս որեւէ ճանաչում չի եղել: Դա՞ ինչով բացատրել»:
Ինչ վերաբերում է Սեւրի դաշնագիրը որպես գործոն դիվանագիտության մեջ կիրառելուն, Նալբանդյանն ասաց. «Եթե կա որեւէ մեկը, որ կարող է ապացուցել, որ Սեւրի դաշնագիրն ուժի մեջ է, եթե որեւէ մեկը կարող է ասել, որ Վիլսոնի փաստաթուղթը ուժ ունի, մենք դա կարող ենք քննարկել»: Նա նաեւ հավելեց, որ Վիլսոնի ներկայացրած փաստաթուղթը անգամ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է մի փաստաթղթի, որով ամբողջ Արեւմտյան Հայաստանը ինչպես նաեւ Սեւ ծովի Տրապիզոնի հատվածը անցնում էր Հայաստանին:
Այնուհետեւ անդրադառնալով մեկ այլ մեղադրանքի, թե Հայաստանը սրանով հրաժարվում է ցեղասպանության խնդիրը հետապնդելուց, ԱԳ նախարարը պատմեց, թե Ստամբուլում լրագրողների հարցերին պատասխանելիս ինչպես է անվախորեն արտասանել «ցեղասպանություն» բառը: «Եվ դա այն դեպքում, երբ կես ժամ հետո պետք է հանդիպեի Թուրքիայի ԱԳ նախարարին»,- հավելել է Նալբանդյանը:




























