Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք պետք է մաքրել 2 ամսվա ընթացքում։ Այսօր՝ ապրիլի 21-ի կառավարության նիստի ընթացքում նման կոշտ հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մոտ 70 հազար մարդ ամեն տարի օգտվում է նման ծառայություններից, ու եթե դրանցում կոռուպցիա կա՝ մարդիկ պարզապես չեն վստահում կառավարությանը։ Նա հիշեցրեց, որ կառավարության քայլերը այլ ոլորտներում արդեն դրական արդյունք են տվել՝ տեխզննում (օգտվում է տարեկան 300 հազար մարդ), վարորդական իրավունքի տրամադրում (օգտվում է՝ 50 հազար մարդ), մեքենայի հաշվառում (օգտվում է 170 հազար մարդ)։
Կառավարության նիստի ընթացքում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ։ Դրանով սահմանվում է, որ ամուսնության ակտերը պարտադիր պետք է գրանցվեն 7 օրից մինչեւ 3 ամիս ժամկետում։ Որոշ հարգելի պատճառների դեպքում ամուսնության գրանցումը պետք է արագացվի (հղիություն, զինծառայություն եւ այլն)։




























