Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայր է տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից ազավակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված, նախկինում 5 անգամ դատապարտված, 46-ամյա Տիգրան Երանոսյանը: Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ է եւ կյանքի 28 տարին անցկացրել է անազատության մեջ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ նիստում դատավորը բավարարեց Կոտայքի մարզի քննչական բաժնի միջնորդությունը եւ Երանոսյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք: Երանոսյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի վարչության եւ Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Պարզվել է, որ նա այս տարվա մարտի 22-ի լույս 23-ի գիշերը իր հանցակից, 33-ամյա Սուրիկ Աֆյանի հետ դիմակավորված, զինված ինքնաձիգով եւ դանակով,  ներխուժել է Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող Վանիկ Պետրոսյանի տուն:

Տան ներսում ինքնաձիգի եւ դանակի սպառնալիքի տակ նրանք Պետրոսյանից պահանջել են ոսկեղեն եւ գումար, սակայն տան տերը դիմադրություն է ցույց տվել: Նրանց եւ Վանիկ Պետրոսյանի միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում տուն ներխուժած անձինք հրազենով հարվածել են տանտիրոջ գլխին եւ գետնին գցել: Այնուհետ նրանք մտել են ննջասենյակ, որտեղ վարագույրի ետեւում թաքնված է եղել Վանիկ Պետրոսյանի կինը`Լիդան: Երբ վերջինս դուրս է եկել վարագույրի ետեւից, նրանք կնոջից նույնպես պահանջել են իրենց տալ տան գումարն ու ոսկեղենը: Կինը հայտնել է, որ արդեն զանգահարել է ոստիկանություն: Տուն ներխուժած անձինք, լսելով այդ մասին,  դիմել են փախուսստի, դեպքի վայրում թողնելով իրենց դանակը, ինչպես նաեւ ինքնաձիգի ուսագոտին: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ավազակային հարձակում:

Մինչ ոստիկանությունը կձեռնարկեր օպերատիվ-հետխուզական աշխատանքներ` հայտնաբերելու ավազակային հարձակում կատարած անձանց, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկում 33-ամյա Սուրիկ Աֆյանին, ով նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտվել:      

Վերջինս կողմից վարձված բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվում են մեծ քանակությամբ ապրանքներ եւ ինքնաձիգը: Քննչական աշխատանքների արդյունքում պարզվում է, որ դա նույն ինքնաձիգն է, որի գործադրմամբ Սուրիկ Աֆյանը Վանատուրում մասնակցել է ավազակային հարձակմանը:

Քննչական մարմինը հավանաբար Աֆյանին եւ Երանոսյանին կտեղափոխի «Նուբարաշեն» ՔԿՀ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի