Համատարած կաշառակերություն է նոտարիատի համակարգում, այսօր՝ ապրիլի 21-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության կողմից իրականացրած մոնիտորինգը ցույց է տվել, որ նոտարական գրասենյակներում քաղաքացիներից 2-3 անգամ ավելի շատ գումար են վերցնում, քան սահմանված է օրենքով։ Ընդ որում՝ գումարը վերցվում է միանգամից, կանխիկ, իսկ քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե կոնկրետ որ ծառայության համար է վճարը կատարվում։ Բացի այդ՝ օրենսդրությունը որոշ դեպքերում սահմանել է ծառայության վճար 3-5 հազար դրամի չափով, բայց նոտարները համատարած 5 հազար դրամ են վերցնում։

Կառավարության մոնիտորինգն, ըստ վարչապետի, իրականացրել են երիտասարդ անձինք, որոնք սովորական քաղաքացիների նման անցել են բոլոր ինստանցիաներով, եւ վճարել բոլոր պահանջարկված գումարները։

Այս երեւույթի դեմ պայքարելու համար կառավարությունը առաջարկում է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարել։ Դրանով սահմանվում է, որ նոտար դառնալու համար հարկավոր է ոչ թե 1 տարվա, այլ 6 ամսվա ստաժ։ Հիշեցնենք, որ անգամ դատավորների ստաժավորման համար սահմանված է 6 ամիս ժամկետ։

Նախագծով նախատեսվում է նաեւ նոտարի քննությանը մասնակցելու համար սահմանված իրավաբանական բարձրագույն կրթության պահանջը փոխարինել իրավաբան մագիստրոսի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորման պահանջով:

Այս փոփոխությունների արդյունքում ավելի շատ որակավորված իրավաբաններ կարող են հավակնել աշխատելու որպես նոտար։ «Փակ համակարգ ենք ստեղծել, որի ձեռքը կրակն ենք ընկել»,- հայտարարեց վարչապետ Տ. Սարգսյանը։