Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը համաձայնել է փորձել ապրել մեկ ամիս նվազագույն թոշակի կամ աշխատավարձի համապատասխան գումարով, եթե իր նախաձեռնությանը մասնակցի նաեւ լրագրող։ Այդ մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսում ասել է Այվազյանը` NEWS.am-ի թղթակցի, մեկ ամիս նվազագույն թոշակով կամ աշխատավարձով ապրելու, ապա իր տպավորություններով մյուսների հետ կիսվելու առաջարկին ի պատասխան:
«Ես այլմոլորակային չեմ, եւ տեղյակ եմ իրավիճակից։ Իհարկե, ես շատ կցանկանայի, որ մեր քաղաքացիները ամեն օր 10 հազար դոլար ստանան, եւ ամեն օր սեւ ձկնկիթ ուտեն»,- նշեց Այվազյանը՝ նկատելով, որ պետք է հիշել, ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ։
Ըստ պատգամավորի՝ միայն տնտեսական աճը կարող է բարձրացնել բնակչության կենսամակարդակը։ «Չկա որեւէ կառավարություն, որ թեկուզ միայն իր շահերից ելնելով, չցանկանա իր քաղաքացիների բարօրությունը»,- ընդգծեց Այվազյանը։




























