Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի որոշումից հետո Դիարբեքիրում տեղի ունեցած բողոքի գործողությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել իշխող կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Հալիթ Ավդանը հերքել է այն տեղեկությունները, որ ոստիկանները ձերբակալված քուրդ ցուցարարներին իրենց գրասենյակ են բերել եւ կտտանքների ենթարկել։ Նա նշել է, թե ինքը ոստիկանությանը արգելել է այդ անձանց իրենց գրասենյակ բերել՝ շեշտելով, որ այն ոստիկանական բաժանմունք չէ։
Նշենք, որ թուրքական մամուլում գրվել էր, թե ոստիկանները ձերբակալված քուրդ ցուցարարներին տարել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակ եւ ենթարկել կտտանքների։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։
Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Դիարբեքիրում ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, որի հետեւանքով սպանվել էր մեկ ցուցարար եւ վիրավորվել հինգը։





























