Իրանը համաձայնել է թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք գործել ուրանի հարստացման իր նոր գործարան մոտակա շաբաթներին։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 2-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան՝ ելույթ ունենալով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նախօրեին տեղի ունեցած Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա, Ժնեւի հանդիպմանը Իրանի ու համաշխարհային առաջատար տերությունների ներկայացուցիչները ձեռք են բերել նաեւ հիմնարար պայմանավորվածություն, որի համաձայն, Իրանն իր ուրանը կտա այլ երկրների, որպեսզի վերջիններս հարստացնեն այն Թեհրանի հետազոտական ռեակտորի համար։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը, «վեցնյակի» երկրների հետ Իրանի հաջորդ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի վերջին։




























