Ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները բացահայտել են օրեր առաջ Գավառում կատարված սպանությունը:

Ինչպես Գավառից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները` Գավառի ոստիկանության պետ Լեւոն Մուխսիկարոյանի եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժնի քննիչի մասնակցությամբ, հենց այս պահին Գավառագետում սպանության գործիք հանդիսացած լինգի որոնողական աշխատանքներ են կատարում։

Դեպքի վայրում են ԱԻՆ փրկարար ծառայության Սեւանի փրկարարական ջոկատի ջրասույզները։ Նրանք գետում փորձում են գտնել հանցագործության գործիք երկաթե լինգը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 13-ին Գավառի ոստիկանության աշխատակիցները Գավառի Նալբանդյան փողոցի տներից մեկում հայտնաբերել էին Արշալույս Սարգսյանի դիակը գլխին ստացած վնասվածքներով։ Նույն օրը Գավառի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն)։

Ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ, որը տեղեկություններ է ստանում, որ սպանությունից մի քանօի օր առաջ Ռուսաստանից Գավառ է վերադարձել նախկինում դատված Արտակ Խանամիրյանը։ Վերջինիս ոստիկանության օպերատիվ խումբը մեկ-երկու օր պահում է իր տեսադաշտում՝ ճշտելու համար նրա ելումուտը։

Երեկ արդեն ոստիկանության օպերատիվ քննչական խումբը Խանամիրյանին սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվում Գավառի ոստիկանություն, որտեղ էլ Խանամիրյանը խոստավանում է, որ սպանությունը կատարել է ինքը՝ լինգով,  իսկ տան բանալիները եւ լինգը գցել է գետը։ Տունը, որում հայտնաբերվել է կնոջ դիակը, եղել է նույն այդ կնոջ եղբոր տունը։Խանամիրյանը սպանությունը կատարել է դռան մոտ, հետո դին տեղափոխել է տուն, եւ ցանկացել է հրդեհել, որպեսզի վերացնի հետքերը: Նա նաեւ չի մասնակցել իր բարեկամի հուղարկավորությանը, որպեսզի տպավորություն ստեղծի, թե սպանության ժամանակ գավառում չի եղել:

Խանամիրյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Քննչական մարմինն այսօր հավանաբար կդիմի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Խանամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը։ Սպանության դրդապատճառներն ու հանգամանքները կպարզի Գավառի քննչական բաժինը։

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի