Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված Կարսի «Մարդկության» հուշարձանի քանդման դեմ ապրիլի 23-ին Կարսում բողոքի ակցիա է տեղի ունենալու։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ապրիլի 21-ին Կարսում մամուլի ասուլիսով հանդես են եկել Կարսի հիշյալ արձանի կառուցումը հանձնարարած այն ժամանակվա քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը։ Կարսի նախկին քաղաքապետը նշել է, որ Էրդողանը՝ արձանը քանդելու իր հրահանգով նպաստեց, որ ամբողջ աշխարհում շոշափվի Կարսի անունը։ «Այս ընթացքում Կարսի հուշարձանի հետ կապված 5 հազար հրապարակում է եղել։ Մեր քաղաք են այցելում հազարավոր տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Հուշարձանի ավարտից հետո նախատեսել էինք կառուցել արհեստական ջրվեժ, ճոպանուղի եւ ռեստորաններ»,- նշել է Կարսի նախկին քաղաքապետը։
Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյն իր հերթին նշել է, որ ապրիլի 23-ին հուշարձանի քանդման դեմ բողոքի ակցիային միանալու համար Կարս են ժամանելու 200 արվեստագետ։
Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։
Ներկայումս Կարսում սկսվել են հիշյալ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները։





























