Եվրոպական բանկերը կորոնավիրուսի պատճառով հաջորդ երեք տարիների ընթացքում չեն ստանա ավելի քան 30 միլիարդ եվրո զուտ շահույթը։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանների զեկույցին, հայտնում է Bloomberg-ը։
Նրանց կանխատեսումներով՝ ընդհանուր գումարից շահույթի 7 տոկոսով կրճատումը առաջանում է, մասնավորապես, վարկային ռիսկի բարձրացման եւ բանկերի եկամուտների նվազման պատճառով։ Մարտի 9-ին այդ ցուցանիշը աճել է 11 տոկոսով, երբ կորոնավիրուսի պատճառով ներդրողների մտահոգությունների եւ նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին 5 տոկոսով փլուզվել է համաեվրոպական Stoxx 600 Banks ինդեքսը, հայտնում է РБК-ն։
Բանկերի շահույթը կարող է նաեւ կրճատվել տոկոսադրույքի հետագա նվազման պատճառով՝ կապված տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը թեթեւացնելու եվրոպական կարգավորողների փորձերի հետ։
Goldman Sachs-ի վերլուծաբանները ենթադրում են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ավելի շատ կտուժեն ցածր շահույթ ունեցող վարկատուները Գերմանիայում, Իտալիայում եւ Հունաստանում, այն դեպքում երբ բանկային ոլորտի առաջնորդները Ֆրանսիայում եւ Benelux-ի երկրներում (Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Բելգիա) ավելի լավ կհաղթահարեն դրա հետեւանքները։
Ընդհանուր առմամբ՝ եվրոպական բանկերը այժմ գտնվում են «ավելի ուժեղ դիրքում, քան երբեւէ վերջին 10 տարիներին», կարծում են վերլուծաբանները։
Անցյալ շաբաթ Bloomberg-ի փորձագետները գնահատել են, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված վատագույն դեպքում համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 2,7 տրլն դոլար, ինչը համեմատելի է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի հետ։ Եթե վիրուսի բռնկման հետեւանքները շատ բացասական չլինեն, տնտեսական աճը 2020թ․ կդանդաղի 2,3 տոկոսով՝ համեմատած նախկինում կանխատեսվող 3,1 տոկոսի հետ։
Մարտի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 113 000-ից։




























