Ինդոնեզիայում համացանցում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու համար 6 մարդ է ձերբակալվել, հայտնում է AFP-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ երկրի երկրորդ քաղաք Սուրաբայայում ձերբակալվել է մի կին, որը Facebook-ում գրել է, թե քաղաքում վիրուսակիր պացիենտ է բուժվում։
Եւս հինգ հոգի ձերբակալվել են դարձյալ սոցցանցերում կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Նրանցից մեկը գրել է, թե Սաուդյան Արաբիա ուխտագնացության մեկնող կինը հանկարծ կորոնավիրուսից մահացել է Ջակարտայի օդանավակայանում։
Վեց կասկածյալները մեղադրվում են ապատեղեկատվության տարածումը արգելող օրենքների խախտման համար, ինչը վեց տարվա ազատազրկմամբ է սպառնում։
Նախօրեին իշխանությունները հայտնել էին, որ վարակման հաստատված դեպքերի թիվը 6-ից հասել է 19-ի։





























