Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիմել են պետական գործակալություններին` նավթի գների կտրուկ անկումը հաղթահարելու համար տնտեսման նոր խիստ ռեժիմի պայմաններում 20 տոկոսով բյուջեի կրճատման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հայցով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրներ:

Ըստ նրանց` հայցադիմումն արվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ` նավթի շուկաներում կորոնավիրուսի ազդեցության մասին մտահոգությունների պատճառով եւ ՕՊԵԿ-ի ու նրա դաշնակիցների միջեւ նավթի արդյունահանման համաձայնագրի տապալումից առաջ:

Աղբյուրը նշում է, որ հայցադիմումն ուղարկելու պահին, Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ռուսաստանի հետ բարդ բանակցություններ են կանխատեսել` շուկաների կայունացման համար նավթի արդյունահանման ոլորտում ավելի խորքային սահմանափակումների անհրաժեշտության հետ կապված: Մոսկվան մերժել էր այդ առաջարկը, ինչը հանգեցրել էր նավթի գների կտրուկ անկմանը:

Չորս աղբյուրների համաձայն` Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը կառավարական գերատեսչություններին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել 2020 թվականի բյուջեն 20-30 տոկոսով կրճատելու վերաբերյալ:

Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ 20 տոկոսով կրճատել է բյուջեն, ասել է աղբյուրներից մեկը` հավելելով, որ իջեցումը չի ազդի աշխատավարձերի վրա, բայց նախագծերը կարող են հետաձգվել:
Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ի փաստացի լիդերն ու նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը, մեծամասամբ կախված է նավթի ստացվող եկամուտներից: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, որ Էր-Ռիյադին նավթ է պետք 80 դոլարով բարելի դիմաց` 2020 թվականի բյուջեն բալանսավորելու համար, որի դեֆիցիտը 50 միլիարդ դոլար է կազմում: