Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առեւտրի դանդաղում է կանխատեսում 2020թ․ հունվար-մարտ ամիսներին։ Ինչպես նշվում է չորեքշաբթի օրը Ժնեւում հրապարակված ԱՀԿ զեկույցում, աճի տեմպերը ավելի ցածր կլինեն, քան 2019թ․ սեպտեմբերին, եւ հարկ է սպասել ցուցանիշների հետագա նվազման՝ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպության կողմից մշակված ինդիկատորը (Ծառայությունների առեւտրի բարոմետրը), որն արտացոլում է գլոբալ կոմերցիայում միտումները, կազմում է 96,8 նիշ։ Անցյալ տարվա սեպտեմբերին այն հավասար էր 98,4 նիշի։ Նշվում է, որ այս ցուցանիշը «էականորեն ցածր» է մնում, քան 100 նիշով ինդիկատորի բազային գիծը։ «Ծառայությունների համաշխարհային առեւտուրը շարունակել է աճի դանդաղում ապրել 2019թ․ վերջին եւ 2020թ․ առաջին եռամսյակում»,- արձանագրում են փորձագետները։ Ընդգծվում է, որ այժմյան կանխատեսումը «լիարժեք հաշվի չի առնում COVID-19-ի տնտեսական ազդեցությունը», եւ ցուցանիշներն, «ամենայն հավանականությամբ, ավելի կիջնեն առաջիկա ամիսներին»։
ԱՀԿ-ում ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հատկապես ցածր են այնպիսի ինդիկատորները, ինչպիսին ուղեւորատար ավիափոխադրումներն են (93,5) եւ ծովային բեռնախցային փոխադրումները (94,3)։ Այս ոլորտներում աճը դանդաղել էր դեռեւս մինչեւ կորոնավիրուսի բռնկումը, նշում են փորձագետները։ Կանխատեսման հեղինակները հիշեցնում են, որ ծառայությունների առեւտրի աճի համաշխարհային տեմպերը արդեն անցյալ տարի դանդաղում էին ապրում՝ առաջին եռամսյակում 4,7 տոկոսից մինչեւ երրորդ եռամսյակում 2,8 տոկոս։
ԱՀԿ-ի Ծառայությունների առեւտրի բարոմետրը ինդիկատոր է, որը տարբեր ցուցանիշները միավորում է միասնական ինդեքսի մեջ։ 100 նիշից բարձր ինդիկատորը հիմք է տալիս կոմերցիայի աճի արագացում, իսկ ցածրը՝ թուլացում կանխատեսելու համար։




























